Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասնում է

Իրականացվող բողոքի ակցիաների շրջանակներում մայիսի 10-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկա բնակավայրի տարածքում մի խումբ անձինք փակել են Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ 


Հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից, իրենց ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում, ակցիայի մասնակիցներին ներկայացվել է ճանապարհը բացելու և երթևեկությունը վերականգնելու օրինական պահանջ։


Սակայն ակցիայի մասնակիցներից մեկը, պաշտոնատար անձի օրինական գործունեությանը միջամտելու նպատակով, բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողներից մեկի նկատմամբ՝ բռունցքով հարվածելով վերջինիս գլխի հատվածին։


Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։


Հանցավոր արարքն առերևույթ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ակցիայի նշված մասնակիցը ձերբակալվել է։


Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու և նշված անձի գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։


Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Քաղաքականություն

Պատահարներ