Համաշխարհային լրատվամիջոցներն անդրադարձել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

Համաշխարհային լրատվամիջոցներն անդրադարձել են Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, որի մասնակիցները երեկ հասել են Երևան և մեծ հանարահավաքը անցկացրել Հանրապետության հրապաարակում:


«Հինգշաբթի Հայաստանի մայրաքաղաք Երևանում ցուցարարների մեծ բազմություն էր հավաքվել՝ պահանջելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ մի քանի սահմանամերձ գյուղերը հարևան և վաղեմի հակառակորդ Ադրբեջանին զիջելու որոշման պատճառով», - գրում է Reuters-ը:


Գործակալությունը նկատում է, որ որոշումը Հայաստանում շատերին զայրացրել է։


Deutsche Welle ծառայությունն էլ գրում է, որ Հայաստանի հետխորհրդային պատմության մեջ առաջին անգամ բողոքի ակցիա է տեղի ունեցել Եկեղեցու գլխավորությամբ։



«Ընդդիմադիր շարժումը մտադիր է իր նպատակին հասնել ողջ երկրում քաղաքացիական անհնազանդության անժամկետ ակցիաների միջոցով, որոնք կմեկնարկեն մայիսի 10-ի առավոտյան։ Հանրահավաքը, որը, ըստ փորձագետների, ամենամեծն էր 2021 թվականի ընտրությունների բողոքի ցույցերից հետո, դեռ լուրջ անհանգստություն չի առաջացրել կառավարությունում։ Սակայն ներկայիս ակցիան ղեկավարող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կողմնակիցներին կոչ է արել հանգստություն պահպանել և պատրաստվել երկարատև պայքարի», - գրում է ծառայությունը:


«Բագրատ արքեպիսկոպոսի շարժումն ինքնաբուխ արձագանք էր հյուսիսային սահմանի չորս գյուղի վերադարձին Ադրբեջանին։ Երկրի այս հատվածը մտնում է Տավուշի մեջ, որի թեմը ղեկավարում է հոգևորականը։ Չորս գյուղն ընդամենը պատրվակ է, փորձ՝ մոբիլիզացնելու և համախմբելու բոլոր ուժերին, որոնք դժգոհ են, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանի իշխանությունները գնում են միակողմանի զիջումների՝ փոխարենը ոչինչ չստանալով, իսկ ներքաղաքական կյանքում գնալով ավելի շատ են դիմում հանցավոր մեթոդների՝ հակառակորդների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելով», - գրում է BBC-ն:



Լրատվական ծառայությունը նկատում է, որ Փաշինյանի իշխանության վեց տարվա ընթացքում՝ 2020 թվականին պատերազմում պարտությունից և Լեռնային Ղարաբաղից հայերի հեռանալուց հետո, երկրում շատերը դժգոհ են նրա քաղաքականությունից։


«Սակայն ընդդիմությանը միավորելու նախկին բոլոր փորձերը ձախողվել են, քանի որ որպես առաջնորդներ առաջարկվում էին հակասական և ոչ հանրաճանաչ քաղաքական գործիչներ՝ նախկին նախագահներ կամ նրանց հետ կապված գործիչներ: Ի հակադրություն նրանց, Բագրատ Սրբազանը համեմատաբար երիտասարդ (52 տարեկան) և խարիզմատիկ գործիչ է։ Նրա անունն արատավորված չէ վերջին տարիների քաղաքական ու կոռուպցիոն սկանդալներով։ Հոգևորականին չի կարելի անվանել նաև ռուսամետ գործիչ (ոչ նախանձելի դիրք այսօրվա Հայաստանում): Նա սովորել և ծառայել է Մեծ Բրիտանիայում և Կանադայում։ Այս ամենը նյարդայնացնում է Փաշինյանի կուսակցությանը, և նրան մոտ կանգնած լրատվամիջոցները շարժումը վարկաբեկելու արշավ են սկսել՝ մեղադրելով նրան ռուսական հետախուզական ծառայությունների համար աշխատելու և մաֆիայի հետ կապ ունենալու համար՝ առանց ապացույցներ ներկայացնելու։


Բայց բացի իշխանության կողմնակիցներից ու նրա կատաղի հակառակորդներից, Հայաստանում կան շատ մարդիկ, որոնք հիասթափված են երկուսից էլ։ Նրանց համար Բագրատ արքեպիսկոպոսի շարժումը և «հոգևոր Հայաստանի» մասին կարգախոսները պոպուլիզմի մեկ այլ տեսակ է՝ առանց կոնկրետ հարթակի, իրատեսական նպատակների և իրավիճակի լուրջ վերլուծության։ Եվ նրանց աչքում դա Փաշինյանի պոպուլիզմից տարբերվում է միայն իր ավելի պահպանողական էսթետիկայով», - գրում է BBC-ն։


Politico-ն, իր հերթին, նշում է, որ Սրբազանն ի սկզբանե պնդում էր, որ ցուցարարները պահանջում են միայն վերջ տալ սահմանի սահմանազատման գործընթացին, սակայն ավելի ուշ պահանջել է, որ Փաշինյանը հրաժարական տա՝ պնդելով, որ նա լիովին ձախողել է երկրի կառավարումը։


«Սահմանազատման այս գործընթացն անօրինական է: Մեր շարժումը սկսվել է տուժած գյուղերից, բայց երկարաժամկետ հեռանկարում վտանգված է ողջ Հայաստանը»,- ասել է Բագրատ Սրբազանը ֆրանսիական Le Monde-ին։


«Նշելով, որ շարժումը կրոնական չէ, Գալստանյանը քննադատել է միակողմանի զիջումները՝ մատնանշելով, որ Սահմանադրությունը նախատեսում է հանրաքվե՝ տարածքը փոփոխելու համար և դատապարտելով այն փաստը, որ այդ զիջումները կատարվել են Բաքվի սպառնալիքի ներքո», - գրում է թերթը:


«Երբ Նիկոլ Փաշինյանը երկու ամիս առաջ եկավ գյուղացիներին տեսնելու, նրանց շատ պարզ ասաց. «Եթե մենք այս սահմանազատման գործընթացով չանցնենք, նորից պատերազմ կունենանք Ադրբեջանի հետ»։ Դա կոնֆլիկտի պատասխանատվությունը նրանց վրա գցելու միջոց է»,- վրդովված ասել է հոգևորականը:

Քաղաքականություն

Պատահարներ