ՀՀ–ի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները 2 օր կտևեն

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները, որոնք մեկնարկել են Ղազախստանի Ալմաթի քաղաքում, կտևեն երկու օր։ Այդ մասին հայտարարել է Բայրամովը։


Նա համոզմունք է հայտնել, որ բանակցությունները շատ օգտակար կլինեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար:


«Հուսով եմ, որ մեզ կհաջողվի լավ աշխատել այս երկու օրը, որպեսզի հանգուցալուծում գտնենք դեռևս գոյություն ունեցող խնդրահարույց հարցերի շուրջ»,– ասել է Բայրամովը։


Նրա խոսքով` վերջին բանակցությունների կարևոր տարրը արձանագրություն ստորագրելու փաստն է, որը սկիզբ դրեց հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացին: Բաքվում, ըստ Բայրամովի, հատուկ ուշադրություն են դարձնում այդ գործընթացին։


Ադրբեջանի արտգործնախարարը հավելել է, որ այս պահին համատեղ ջանքերով ականազերծվել են համապատասխան տեղամասերը, հստակեցվել են աշխարհագրական կոորդինատները: Այդ հատվածում գրեթե ավարտվել է սահմանային սյուների տեղադրումը։


Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

Քաղաքականություն

Պատահարներ