ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փողոց փակեք, ժողովուրդ ջան. Բագրատ սրբազանը դիմեց անհնազանդության ակցիա իրականացնողներին

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից մեկը` Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ամբողջ հանրապետությունում փողոցները փակելու կոչ արեց քաղաքացիներին։


Այսօր առավոտվանից մայրաքաղաքում խաղաղ անհնազանդության ակցիաներ են։ Մասնակիցների մի մասը Բագրատ սրբազանի գլխավորությամբ այցելում են համալսարաններ ու կոչ են անում ուսանողներին և դասախոսներին դասադուլ անել։


«Ինձ ասում են` կոնկերտ ասեմ` փողոց փակեք, ոչ թե անհնազանդության ակցիաներ արեք։ Հիմա ասում եմ` փողոց փակեք, ժողովուրդ ջան։ Ինչ փողոց կա` բոլոր հնարավոր տարբերակներով փակեք։ Լուր ունենք, որ Սյունիքի մարզում հստակ փակված ճանապարհ կա, ու Սյունիքի դարպասները կբացվեն այն ժամանակ, երբ մենք կուզենք կամ կասենք»,– ասաց Բագրատ սրբազանը։


Նա ընդգծեց` աշխատանքային օր է ու աշխատանքային ժամ, և չնայած դրան իրենց բողոքի ակցիան բազմամարդ է։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը շեշտեց` դա էլ նշանակում է, որ Հայաստանի չի մեռնելու, որքան էլ փորձել են ներսից սպանել։


Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղից մեկնարկած քայլերթը մայիսի 9-ին հասավ Երևան։ Հանրապետության հրապարակում երեկոյան հանրահավաք տեղի ունեցավ, ինչի ժամանակ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, որը տեղի չունեցավ։


Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ին անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։

Քաղաքականություն

Պատահարներ