Բաջանաղիս 1 ամիս ժամանակ են տվել, որ տունն ազատի․ Կիրանցի բնակիչ

ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի մի քանի բնակչի 1 ամիս ժամանակ են տվել, որ դուրս գան իրենց տներից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է կիրանցեցի Արտակը։


«Բաջանաղիս մինչև հունիսի 24-ը ժամկետ են տվել, որ տունն ազատի, բայց կադաստրի վկայականը փաստացի ձեռքին ա։ Այս ղեկավարության օրոք տված կադաստրի վկայականը, այն ղեկավարության, որը հիմա հողերը հանձնում ա թուրքին»,- ասել է Կիրանցի բնակիչը։


Նա վստահեցրեց՝ կառավարության առաջարկած փոխհատուցումը կիրանցեցիներից որևէ մեկին պետք չէ, իրենք իրենց տունն ու հողն են պահանջում միայն։


Անդրադառնալով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի այսօրվա այցին՝ տղամարդն ընդգծել է, որ նա Կիրանց է գնացել ոչ լավ նպատակներով։


«Գալիս են, որ այս ժողովրդի ցավերն ու դարդերը շատացնեն։ Եկել ու ճամփեն տալիս է, թուրքը (նկատի ունի ադրբեջանցիներին. խմբ․) որտեղ է, մենք որտեղ ենք։ Իմ տունը մի քիչ վերև է, բայց ի՞նչ կապ ունի, բոլորն էլ մեր քույրերն ու եղբայրներն են։ Իմ խնամու տունը և բաջանաղիս տունը թուրքին ա մնում»,- ասել է Արտակը։


Նա շեշտել է, որ պայքարելու է իր տան ու հողի համար ու որևէ մեկին չի վստահում։

Պատահարներ