Բաքվի հետ դիրքորոշումների տարբերություններ դեռ կան, բայց Երևանը լիահույս է․ փոխնախարար

Խաղաղության համաձայնագրի տեքստի առնչությամբ Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների միջև որոշակի տարբերություններ դեռ կան, սակայն Երևանը լիահույս է, որ կհաջողվի հասնել միասնական տեքստի։ Այսօր Իրանի դեսպանությունում բացված սգո մատյանում ցավակցական գրառում անելուց հետո 24news.am-ի հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։


«Յուրաքանչյուր հանդիպման հետ փորձում ենք երկու կողմերի դիրքորոշումներն էլ ավելի մոտեցնել իրար»,- ասաց նա։


Կոստանյանը շեշտեց, որ ՀՀ–ի կողմից պատրաստակամություն կա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության մասին համաձայնագիրը ստորագրելու և կյանքի կոչելու։


Կոստանյանն անդրադարձավ նաև սահմանազատման գործընթացին։ Լրագրողը հետաքրքրվեց, թե հնարավոր է արդյոք տարբեր հատվածում տարբեր քարտեզներ կիրառվեն։


«Սկզբունքը մեկն է, որ սահմանազատումը պետք է իրականացվի վերականգնելու համար 1991-ին գոյություն ունեցած, իրավաբանական ուժ ունեցող սահմանագիծը, և, ըստ այդմ, 91թ․-ին գոյություն ունեցած իրավաբանական ամենաթարմ քարտեզները պիտի կիրառվեն։ Այս պարագայում այս հատվածում դա գլխավոր շտաբի` 1976 թվականի քարտեզն է»,- ասաց նախարարի տեղակալը։


Կոստանյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն այս պահին դեռ չկա։


Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

Քաղաքականություն

Պատահարներ