Ռուսաստանի բանակի գլխավոր կապավորը մեղադրվում է խոշոր կաշառք ստանալու մեջ

ՌԴ Քննչական կոմիտեն Ռուսաստանի զինված ուժերի կապի գլխավոր վարչության ղեկավար, ԳՇ պետի տեղակալ Վադիմ Շամարինին մեղադրում է 36 միլիոն ռուբլու չափով կաշառք ստանալու համար։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:


«Հետաքննության համաձայն՝ 2016 թվականի ապրիլից մինչև 2023 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Շամարինը 36 միլիոն ռուբլու չափով կաշառք է ստացել Պերմի հեռախոսային գործարանի՝ Տելտա ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վիսոկովից և նույն ընկերության գլխավոր հաշվապահ Ելենա Գրիշինայից՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության կարիքների համար պետական պայմանագրերով մատակարարվող ապրանքների ծավալը մեծացնելու և ընդհանուր հովանավորչության համար»,- ասել է նա։


Պետրենկոյի խոսքով՝ Շամարինն իր հայեցողությամբ է օգտագործել ստացած գումարը։


Շամարինին սպառնում է առավելագույն 15 տարվա ազատազրկում՝ կաշառքի հարյուրապատիկի չափով տուգանքով։

Քաղաքականություն

Պատահարներ