Սպիտակցի Հայկոյի որդին ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից

Հայտնի երգիչ Սպիտակցի Հայկոյի որդին` Հրաչյա Ղևոնդյանը, ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։ Այս մասին հայտնում են փաստաբաններ Արամ Վարդեւանյանը, Ալեքսանդր Կոչուբաևը և Էրիկ Ալեքսանյանը։


«Դատարանը մերժեց քննիչի` կալանավորման միջնորդությունը` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով»–, հայտնում են պաշտպանները։


Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Հրաչյա Ղևոնդյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։


Հիշեցնենք, որ Հրաչյա Ղևոնդյանը ձերբակալվել է իշխանությունը յուրացնելու փորձի կասկածանքով։ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն` Հ.Ղ.-ն, լինելով ընդդիմադիր քաղաքական դաշինքի ներկայացուցչի (կադրերում ներկայացվում էր Լևոն Քոչարյանը–խմբ.) մերձավորը և ունենալով հակաիշխանական հայացքներ, քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ նպատակադրվել է զավթել իշխանությունը, այն է՝ մի խումբ անձանց հետ գրավել ՀՀ կառավարության, ՀՀ ազգային ժողովի և ՀՀ ոստիկանության շենքերը։

Նաև ձայնագրություն էր տարածվել իբր Հրաչյա Ղևոնդյանի մասնակցությամբ, որում խոսվում էր կառավարական շենքեր մտնելու մասին։ Ավելի ուշ փաստաբանները հայտնեցին, որ ձայնագրությունում Հրաչյայի ձայնը չէ, իսկ խոսակցությունը «ավտոատվետչիկի» հետ է։

Քաղաքականություն

Պատահարներ