Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ եվրահանձնակատարն իրեն վախեցրել է մահափորձով

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ արտասահմանյան գործակալների մասին ընդունված օրենքի մասին իր հետ զրույցում եվրահանձնակատարներից մեկն իրեն վախեցրել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ վերջերս կատարված մահափորձի օրինակով:


«Նույնիսկ Արեւմուտքի կողմից երկարատեւ շանտաժի ֆոնին ցնցող սպառնալիք է եղել, որը հնչել է եվրահանձնակատարներից մեկի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Ինձ հետ զրույցում եվրահանձնակատարը թվարկել է մի շարք միջոցներ, որոնք կարող են ձեռնարկել արեւմտյան գործընկերները թափանցիկության մասին օրենքի վետոն հաղթահարելու դեպքում, եւ թվարկելով այդ միջոցները՝ նշել է. «Դուք տեսաք, թե ինչ է տեղի ունեցել Ֆիցոյի հետ, եւ պետք է շատ զգույշ լինեք», - Կոբախիձեի հայտարարությունը մեջբերում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:


Վրաստանի վարչապետը խիստ վրդովեցուցիչ է անվանել Ֆիցոյի դեմ մահափորձի օրինակը՝ «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» ընդունված օրենքի համատեքստում: Ինչպես ընդգծել է Կոբախիձեն, նախնական տեղեկություններով՝ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձի գործում «բացահայտվում է երկրներից մեկի հատուկ ծառայությունների հետքը, որը հատկապես սերտորեն կապված է «պատերազմի գլոբալ կուսակցության» հետ»: Նա նաև նշել է, որ ի դեմս «պատերազմի գլոբալ կուսակցության» Թբիլիսին գործ ունի «չափազանց վտանգավոր ուժի հետ, որը պատրաստ է ամեն ինչի գնալ Վրաստանում անկարգություններ առաջացնելու համար»:


Ընդ որում, Կոբախիձեի խոսքով, այսպես կոչված պատերազմի գլոբալ կուսակցության ծրագրերին վիճակված չէ իրականանալ, եւ Վրաստանը կպահպանի խաղաղությունն ու քաղաքական կայունությունը: Ինչ վերաբերում է եվրահանձնակատարի սպառնալիքին, ապա դրա մասին պատմելը վարչապետն անհրաժեշտ է համարել որպես կանխարգելիչ միջոց:


Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, ինչը Եվրամիության կողմից խիստ հայտարարություններ է առաջացրել հանրակցությանը երկրի ինտեգրումը կասեցնելու սպառնալիքների մասին: Նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ ' Բրայենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի Վրաստանի իշխանությունների դեմ, եթե դրանում խարխլվի ժողովրդավարությունը: Հանրապետության Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 18-ին վետո է դրել օրենքի վրա, Սակայն, խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, պատգամավորները մտադիր են այն հաղթահարել: Խորհրդարանում վետոյի հարցով քվեարկությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ։


Վրաստանի իշխանությունները Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր խոսում են այն մասին, որ Արևմուտքում որոշ ազդեցիկ քաղաքական գործիչներ փորձում են Վրաստանում Ռուսաստանի հետ դիմակայության «երկրորդ ճակատ» բացել։ Այդ ծրագրերի հետևում, վրացի առաջնորդների խոսքով, կանգնած է այսպես կոչված պատերազմի գլոբալ կուսակցությունը։ Կոբախիձեն չի նշում իր մեջ մտնող մարդկանց անունները ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Քաղաքականություն

Պատահարներ