Վիճաբանել են, ինքնաձիգերից կրակոցներ արձակել․ մանրամասներ

Ավարտվել է Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում մի խումբ անձանց կողմից զենքի գործադրմամբ խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, ապօրինի կերպով զենք կրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով, 7 մեղադրյալի մասով, նախաքննությունը:


ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում կատարված քննությամբ հիմնավորվել է, որ 2023թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ Ա.Խ.-ին հանդիպելու և նախկինում Դ.Հ-ի հետ ունեցած չնչին առիթով տարաձայնության շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, վերջինս իր ծանոթների և քննությամբ դեռևս չպարզված ևս երկու անձանց հետ խմբով այցելել են Հաղթանակ թաղամաս և շրջապատի համար վախի մթնոլորտ ստեղծելու խուլիգանական մղումով, հայհոյանքներ հնչեցնելով՝ մոտեցել Ա.Խ.-ի տանը:


Խմբի անդամներից մեկը, գործող իրավական և բարոյական նորմերի նկատմամբ ցուցաբերելով անթաքույց արհամարհական վերաբերմունք, դեպքի վայր ժամանած խմբի անդամների հանդուգն վարքագիծն ընդգծելու, տվյալ վայր ժամանելու և վիճաբանություն հրահրելու խուլիգանական մղումն ի ցույց դնելու նպատակով, տանը մոտեցել է ապօրինի ձեռք բերված ինքնաձիգը ցուցադրաբար ուսին գցած:


Դ.Հ.-ն, տեղեկացված լինելով ավտոմեքենայում ապօրինի պահվող, ապօրինի ձեռք բերված, հրազեն հանդիսացող «ԱԿՍ-74» տեսակի, 5.45մմ. տրամաչափի ինքնաձիգի, ինչպես նաև՝ խմբի անդամների մոտ զենքի առկայության մասին, գիտակցելով խմբի անդամների կողմից դրանք օգտագործելու իրական հնարավորությունը, խմբի անդամների ենթադրյալ առավելությունն ընդգծելու նպատակով, մոտեցել են Ա.Խ.-ի եղբոր՝ Արմ.Խ.-ին, և ագրեսիվ զրույցի բռնվել վերջինիս հետ։


Այդ ընթացքում, անտեսելով բնակելի թաղամասում գտնվելու հանգամանքը և շրջապատում կողմնակի մի շարք քաղաքացիների առկայությունը, համակեցության կանոնները ցուցադրաբար անտեսելով, հայհոյանքներ հնչեցնելով՝ խմբի անդամները, նախաքննության ընթացքում դեռևս չպարզված անձի հետ, խմբի կազմում, Արմ.Խ.-ի դիմադրությունը նվազագույնի հասցնելով, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին:


Այնուհետև շրջապատի մոտ վախի մթնոլորտ տարածելու, խմբի անդամների հակաբարոյական և հակահասարակական վարքագիծն ընդգծելու համար Դ.Հ.-ն ապօրինի պահվող «ԱԿՍ-74» տեսակի, 5.45մմ. տրամաչափի գործարանային արտադրության ինքնաձիգից կրակոցներ է արձակել, ապա շարունակել խմբի` վերը թվարկված անդամներով հարվածներ հասցնել Արմ.Խ.-ի մարմնի տարբեր մասերին։ Արդյունքում վերջինիս առողջությանը պատճառվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներ՝ առողջության տևական քայքայումով:


Չբավարարվելով կատարած խուլիգանական արարքներով՝ խմբի մյուս անդամների հետ դեպքի վայրը լքելու ընթացքում Դ.Հ.-ն շարունակել է ցուցադրաբար անտեսել համակեցության կանոնները և վերը նշված ինքնաձիգով անկանոն կրակոցներ արձակել՝ խախտելով մարդկանց անդորրը:


Բացի այդ, նույն վիճաբանության ընթացքում, խմբի երեք անդամները և նախաքննությամբ դեռևս չպարզված ևս մեկ անձ, խմբի կազմում, միմյանց գործողությունները փոխլրացնելով և դեպքի պահին ներկա գտնված հարևանի դիմադրությունը նվազագույնի հասցնելով՝ դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ են հասցրել նաև վերջինիս մարմնի տարբեր մասերին:


Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ խմբի անդամներից մեկն ապօրինի պահել է 12 հատ 5.45մմ. տրամաչափի «ԱԿ-74» ինքնաձիգների, դրանց մոդիֆիկացիաների և «ՌՊԿ-74» ձեռքի գնդացիրների համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ՝ լիցքավորված մեկ փամփշտատուփում, որոնք հայտնաբերվել են վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարված խուզարկությամբ:


Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Դ.Հ.-ին մեղադրանք է ներկայացրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, խմբի անդամներից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, երկու անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, յոթերորդ մասնակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով:


Մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկի նկատմամբ՝ վարչական հսկողություն և բացակայելու արգելք, հինգ անձի նկատմամբ՝ տնային կալանք և բացակայելու արգելք: Մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:


Յոթ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Քաղաքականություն

Պատահարներ