ՆԱՏՕ-ն քննարկում է միջուկային զենքը պատրաստ վիճակի բերելու հարցը

ՆԱՏՕ-ի անդամ երկրները խորհրդակցություններ են սկսել միջուկային զենքը մարտական պատրաստության բերելու անհրաժեշտության շուրջ։ Այս մասին բրիտանական The Daily Telegraph պարբերականին տված հարցազրույցում ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը։


«Ես չեմ մանրամասնի, թե քանի միջուկային մարտագլխիկ պետք է աշխատանքային վիճակի բերվի, և ինչպես դրանք պետք է պահվեն, բայց մենք պետք է խորհրդակցենք այս հարցերի շուրջ: Դա հենց այն է, ինչ մենք անում ենք»,- ասել է նա:


Գլխավոր քարտուղարի խոսքով, հարցի թափանցիկությունը հստակ ուղերձ է առ այն, որ ՆԱՏՕ-ն միջուկային դաշինք է:


«ՆԱՏՕ-ի նպատակն է աշխարհը տեսնել առանց միջուկային զենքի, բայց քանի դեռ այն կա, մենք կմնանք միջուկային դաշինք, քանի որ աշխարհը, որտեղ Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան կունենան միջուկային զենք, իսկ ՆԱՏՕ-ն չի ունենա, վտանգավոր աշխարհ կլինի», - ասել է Ստոլտենբերգը։


Նա հայտնել է, որ նրան հատկապես անհանգստացնում է Չինաստանը, որը զգալի միջոցներ է ներդնում զենքի ժամանակակից տեսակների ստեղծման մեջ եւ պատրաստվում է ավելացնել իր միջուկային մարտագլխիկների քանակը՝ 2030թ. հասցնելով հազարի։


«Դա նշանակում է, որ ոչ հեռու ապագայում ՆԱՏՕ-ն կարող է բախվել մինչ այդ չտեսնված իրավիճակի՝ երկու պոտենցիալ միջուկային հակառակորդների, հանձին Չինաստանի եւ Ռուսաստաննի։ Դա կհանգեցնի հետեւանքների»,- կարծում է գլխավոր քարտուղարը։



Քաղաքականություն

Պատահարներ