Ադրբեջանում քաղաքացին մահացել է ոստիկանության բաժանմունքում խոշտանգումների հետևանքով

Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի բնակիչ Էլվին Իսկենդերովը մահացել է տեղի ոստիկանության 1-ին բաժնում։ Նրա ընտանիքի անդամները լրատվամիջոցներին հայտնել են, որ Իսկենդերովը մահացել է խոշտանգումների հետևանքով։ Նշվում է, որ 37-ամյա Էլվին Իսկենդերովին հունիսի 14-ի գիշերը մի քանի անձանց, այդ թվում՝ իր եղբայրների հետ տարել են ոստիկանական բաժանմունք։


Հունիսի 15-ի գիշերը Իսկենդերով եղբայրների համար ոստիկանություն գնացած հարազատներին հայտնել են Էլվինի մահվան մասին։ Ըստ ընտանիքի անդամների՝ Էլվինի դիակի վրա եղել են բռնության հետքեր, մարմնական վնասվածքներ, այդ պատճառով համոզված են, որ Էլվին Իսկենդերովը սպանվել է խոշտանգումների հետևանքով։


Էլվինի եղբայրները, որոնք այդ գիշեր ոստիկանական բաժանմունքում են եղել, պատմել են, որ բոլորին ծեծի են ենթարկել, իսկ Էլվինի գլխին ոստիկանները հարվածել են։ Եղբայրներից Թուրխանը պատմել է, որ անձամբ է տեսել, թե ինչպես են եղբորը ծեծել, որից հետո նա կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին։


«Ոստիկաններն ասացին, որ ձև է անում»,- ասել է նա։


Ներքին գործերի նախարարությունը հերքել է Էլվին Իսկենդերովի հարազատների հայտարարությունները։ Գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ Էլվին Իսկենդերովը մահացել է լյարդի ցիռոզից և սրտի կաթվածից։


Ըստ ՆԳՆ-ի՝ ոստիկանությունը տեղեկություն է ստացել Սումգայիթի սրճարաններից մեկում հարբած վիճակում գտնվող մի քանի անձանց միջև կոնֆլիկտի մասին։ Այդ տեղեկությունների հիման վրա էլ ոստիկանները սրճարան են մտել ժամը 23:30-ի սահմաններում և մասնակիցներին տարել ոստիկանության բաժին։


Քաղաքականություն

Պատահարներ