Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի վարչապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին Միշել Բարնիեին հրավիրել է Հայաստան, հայտնում են կառավարությունից։ Փաշինյանը շնորհավորել է Բարնիեին Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով ու հայտնել համատեղ ջանքերով Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ընդլայնման ու նոր հավակնոտ ծրագրերի իրականացման պատրաստակամության մասին։


«Մեծապես կարևորում ենք Ֆրանսիայի հետևողական ջանքերը տարածաշրջանում անվտանգության, արդար ու տևական խաղաղության հաստատման գործում: Մեծ սիրով առաջիկայում սպասում եմ Ձեր պաշտոնական այցին Հայաստան՝ ինչը գերազանց առիթ կլինի Հայաստանի և Ֆրանսիայի վերընթաց զարգացող համագործակցության ընդլայնման ու նոր ծրագրերի նախանշման շուրջ քննարկումների համար»,- ասել է Փաշինյանը։ Սեպտեմբերի 9-15-ը Հայաստան կժամանի Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությունը։