Քննչական կոմիտեն՝ Նալբանդյան գյուղում ոստիկանի սպանության դեպքի մասին
Արմավիրի մարզի Նալբանդյան բնակավայրում իրենց ծառայողական պարտականությունները կատարող` Ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, այլոց համար վտանգավոր եղանակով, կրակոցներ արձակելու, դրա արդյունքում Ոստիկանության մեկ ծառայողի սպանության և մեկ ծառայողի սպանության փորձի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։
Ձևավորվել է քննչական խումբ և իրականացվում են անհետաձգելի քննչական, այլ վարութային գործողություններ` դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու համար։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ։
Առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված է։ Միջոցներ են ձեռնարկվում վերջինիս, ինչպես նաև հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության ընթացիկ արդյունքների մասին հետագայում տեղեկատվություն կտրամադրի։