Արման Ծառուկյանը` մենամարտը տեղափոխելու լուրերի մասին
Խառը մենամարտերի (MMA) թեթեւ քաշային կարգում (70 կգ) UFC դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող ռուսաստանցի Արման Ծառուկյանը մեկնաբանել է UFC ռուսաստանցի չեմպիոն Իսլամ Մախաչեւի հետ չեմպիոնական մենամարտը հաջորդ տարի տեղափոխելու լուրը։ Պատճառը Իսլամ Մախաչեւի ձեռքի վնասվածքն է։ Այդ մասին հայտնել էր Մախաչեւի ամերիկացի մարզիչ Խավիեր Մենդեսը։
«Ես գիտեի, որ այս տարի չեմ մենամարտի Իսլամ Մախաչեւի հետ։ Այն կլինի հաջորդ տարվա սկզբում։ Ինձ համար տարբերություն չկա, թե երբ կլինի այդ մենամարտը։ Գլխավորն այն է, որ ես կաշխատեմ եւ կմոտենամ այդ մենամարտին»,- ասել է Ծառուկյանը Red Corner MMA-ին։
MMA-ում Արման Ծառուկյանն անցկացրել է 25 մենամարտ, տարել 22 հաղթանակ։
Իսլամ Մախաչեւը 27 մենամարտից 26-ում է հաղթանակի հասել։