Օրեր առաջ լողավազնի տարածքից առևանգված բիզնեսմենի կնոջը գտել են. վնասազերծել են նաև կասկածյալներին
Մի քանի օր շարունակ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում այսօր` սեպտեմբերի 8-ին հայտնաբերել են սեպտեմբերի 4-ին Երևանում՝ Աշտարակի խճուղում գործող «San Marco» լողավազանի տարածքից Միացյալ Նահանգներում հայտնի բիզնեսմենի կնոջը առևանգողներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները մի քանի խմբերի են բաժանվել, եղել են 3 տասնյակից ավելի հասցեներում, այդ թվում՝ մարզերում՝ համագործակցելով ոստիկանության մարզային վարչությունների իրենց գործընկերների հետ, և այսօր՝ ժամեր առաջ, Հայաստանի սահմանը «Զվարթնոց» օդանավակայանով լքելիս, ժողովրդի լեզվով ասած՝ «թռնելիս», բռնել և վնասազերծել են 3 կասկածյալներին, որոնք հավաստի տեղեկություններով ու բավականին զորեղ փաստերով կապ են ունեցել առևանգման հետ։
Վերջիններս տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, որտեղից էլ նրանց ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանների և ԱԱԾ-ականների հմուտ գործողությունների շնորհիվ Տավուշի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է առևանգված կինը, ում կյանքին այլևս վտանգ չի սպառնում։