44-օրյա պատերազմից հետո` ունենք անհետացած զենքի մեծ քանակ. վարչապետ
44-օրյա պատերազմից հետո մենք ունենք անհետացած զենքի մեծ քանակ, և մենք մի քանի անգամ թեման քննարկել ենք, նաև Անվտանգության խորհրդում է այդ հարցը քննարկվել: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 12-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ մասով ՆԳ նախարարին հանձնարարականներ է տվել:
«Մենք զենքի, ապօրինի զենք-զինամթերքի փնտրտուքի հետ կապված մեր մեթոդաբանությունը պետք է վերանայենք, որովհետև այն մեթոդաբանությունը, որով մենք աշխատել ենք, այլևս չի համապատասխանում նոր մարտահրավերներին: Ինչքան հասկանում եմ՝ այդ նոր մեթոդների կիրառությամբ մենք արդեն որոշակի ոչ մեծ ոչ թե հաջողություն, այլ արդյունքներ ունենք, և այդ մեթոդով կարողանում ենք ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերել:
Երկրում շատացել է նաև օրինական զենքի քանակը, և մենք նախկինում էլ քննարկել ենք, և այստեղ իրականում ընտրության հարց կա: Չեմ կարծում, որ դա շատ պարզ, միանշանակ հարց է, որ օրինական զենքը ինչքանո՞վ պիտի հանդուրժելի լինի մեզ համար, և այստեղ կան հայեցակարգային մի քանի մոտեցումներ, և դա նույնպես մի հարց է, որը մենք պետք է քննարկենք»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նաև ընդգծեց, որ պետք է նաև քննարկել այն հարցը, թե զենքի կիրառմամբ առանձնապես ծանր հանցագործություների քանի՞ տոկոսն է օրինական զենքով իրականացվել, քանիսը՝ ապօրինի. դա ևս հետևություններ անելու հնարավորություն կտա: