Ակնհայտ է, որ որոշումը վաղուց է կայացվել․ Պեսկով

Հաղորդագրություններն այն մասին, որ ԱՄՆ-ն իբր մտածում է՝ արժե արդյոք Ուկրաինային թույլ տալ հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանի տարածքին, խոսում են այն մասին, որ նման որոշում իրականում արդեն կայացվել է, կարծում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին նա հայտարարել է «Известия»-ին տված հարցազրույցում։


«Գործընթացն իսկապես սկսվել է, այսպիսի քողարկված քննարկում է գնում։ Ակնհայտ է, որ որոշումը վաղուց է կայացվել, և ակնհայտ է, որ, իհարկե, Ուկրաինան կշարունակի իր ահա այս ահաբեկչական հարձակումները», - ասել Է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։


Պեսկովի կարծիքով՝ նման թույլտվությունը խոսում է ռազմական գործողությունները «մինչև վերջին ուկրաինացին» շարունակելու Արևմուտքի որոշման մասին և մեծացնում է հակամարտությունում Ուկրաինայի գործընկերների ներգրավվածությունը: Ընդ որում, նա ընդգծել է, որ «գույները խտացնել չարժե»։


Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին է փոխանցել Ռուսաստանին հարվածելու համար հեռահար հրթիռների հնարավոր օգտագործման ծրագիրը: ABC հեռուստաալիքի տվյալներով՝ Պետդեպարտամենտի ղեկավարի և ուկրաինացի պաշտոնյաների հանդիպման արդյունքում ՌԴ տարածքում ամերիկյան զենքի օգտագործման վերաբերյալ որոշում չի կայացվել: