Հայաստանը մտադիր է Հնդկաստանից նոր զինատեսակներ ձեռք բերել

Հայաստանը շահագրգռված է Հնդկաստանից հավելյալ քանակությամբ 155 մմ տրամաչափի ATAGS հրետանային կայանքներ ձեռք բերելու հարցում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և վերլուծության ինստիտուտի գլխավոր տնօրեն Սուդան Չինոյը։


Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ 155 մլն դոլարի կատարելագործված քարշակվող հրետանային համակարգերը (ATAGS) Երևանը պատվիրել է Դելիին դեռևս 2022 թվականին։ 155 մմ քարշակվող հաուբիցների առաջին խմբաքանակը՝ բաղկացած 6 միավորից, մատակարարվել է 2023 թվականի օգոստոսին։


«ATAGS-ները շատ մանևրող կայանքներ են։ Դրանք արտադրված են Հնդկաստանում և ունեն մեծ հաջողություն։ Հայկական կողմը թվով 6 նման սարքեր է ձեռք բերել և գոհ մնացել գնումից», - ասել է Չինոյը։


Նա հիշեցրել է, որ Դելին արդեն Երևան է առաքել Swathi ռադիոլոկացիոն համալիրներ․ գործարքի արժեքը կազմել է 40 մլն դոլար: Նրա գնահատմամբ՝ հնդկական ՀԿՌՀ-ներն աշխարհում լավագույններից են և մեծ պահանջարկ ունեն:


Չինոյը նշել է, որ Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերել նաև մոտ 250 մլն դոլար արժողությամբ Pinaka բազմափող հրթիռային կայանքների նկատմամբ։ Փորձագետն ընդգծել է, որ Հնդկաստանի ռազմարդյունաբերության զարգացումը երկրի առաջատար ուղղություններից է։ Վերջին շրջանում հնդկական կողմն իրեն դիրքավորվում է ոչ միայն որպես արտադրող, այլ նաև որպես ռազմական արտադրանքի մատակարար՝ միաժամանակ փորձելով ապահովել պաշտպանական ոլորտում մատակարարման շղթայի անվտանգությունը և խրախուսել փոքր ու միջին ձեռնարկություններին:


Դելին մինչև 2024 թվականը մոտ 2,5 մլրդ դոլարի պաշտպանական արտադրանք է արտահանել։ 2028 թվականի դրությամբ Հնդկաստանը նախատեսում է այդ ցուցանիշը հասցնել 6,5 մլրդ ԱՄՆ դոլարի։


Չինոյը կարծում է, որ Հայաստանը նույնպես պաշտպանական արդյունաբերության զարգացման ներուժ ունի, որըներկայում կենտրոնացած է ստարտափների վրա։ Հայաստանում գործում են երեք այդպիսի ընկերություններ, ինչը քիչ չէ, եթե հաշվի առնենք երկրի մասշտաբներն ու բնակչության թիվը։ Հնդկաստանում կա 120 այդպիսի ընկերություն:


Այնպես որ, ռազմական տեխնոլոգիաների ոլորտում` հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են ստարտափներին, Երևանն ու Դելին կարող են ակտիվ համագործակցություն հաստատել։