ՀՀ թիվ մեկ հարկատուն ԵՄ պատժամիջոցների տակ է. ունեզրկման հետքերով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, երբ ասում էր, թե ոչ ոքի ձեռքից բիզնես չի խլվելու, նկատի ուներ՝ ոչ թե չի խլվելու, այլ այնպես է արվելու, որ տնտեսվարողը ստիպված իր բիզնեսի մի մասը նվիրի կառավարությանը։

2021 թ. սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ունի նոր բաժնետեր՝ ռուս միլիարդատեր, կասկածելի կենսագրություն ունեցող Ռոման Տրոցենկոն։ Պարզվեց, որ վերջինիս «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, ձեռք է բերել Հայաստանի թիվ մեկ հարկատուի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետոմսերի 60%-ը ու շտապել ընդհանուր կապիտալի 15%-ը նվիրել ՀՀ վարչապետի աշխատակազմին: Տեղեկացնենք, որ 2023 թվականի վերջին միլիարդատեր գործարար Ռոման Տրոցենկոն իր բաժնետոմսերի 69%-ը վաճառել է AEON Infrastructure Corporation հոլդինգային խմբում։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ հայաստանյան բիզնես դաշտ մտնելուց հետո` Տրոցենկոյին պատկանող ընկերության բոլոր անուղղակի բաժնետոմսերն օտարվել են Սվետլանա Էրշովային։ Մինչդեռ պարզ էր դարձել, որ Սվետլանա Էրշովան միշտ եղել է Ռոման Տրոցենկոյի կորպորացիաների անդամ՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ։ Այսինքն՝ չի բացառվում, որ ձեւական գործարք է եղել: Թվում է, որ ամեն բան կարգին է, սակայն Հայաստանի խոշոր հարկատու ընկերությունը հայտնվել է ռուս մագնատի ձեռքում եւ Եվրամիության պատժամիջոցների ցանկում է. այս մասին հայտնում է ռուսական «Ինտերֆաքսը». իսկ ՀՀ իշխանությունը լայն քայլերով գնում է դեպի Արևմուտք, Եվրամիություն: Հետաքրքիր է՝ այս պայմաններում արդյոք ՀՀ-ին ԵՄ-ում սպասո՞ւմ են»։