ԼՈւՍԱՆԿԱՐ. Երևանի քաղաքապետարանը «հանճարեղ լուծում» է գտել. Դեմոյան

Ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լուծումը գտնված է Երևանի քաղաքապետարանը կարող է հազար պատճառաբանություն բերել ու արդարանալ անձրևի, ամպրոպի աննախադեպ տեղումների քանակով, սակայն առկա ու աչք ծակող խնդիրները պայմանավորված չեն բնության տարերքներով, այլ մարդկային տխմար գործելաոճի ու ոչ պակաս տխմար որոշումներ կայացման ու ամենաթողության հետևանք են: Երևանում ոչ մի աշխատանք չի վերահսկվում, ոչ մի հաշվետվություն պատշաճ չի արվում, քանի դրանք քառասուներորդ տեղում են և ստորադասվում են արագ ու զարտուղի ճանապարհով հարկատուների գումարները մսխելու ծրագրերին:


Սեյսմիկ գոտում գտնվող մայրաքաղաքում իրականացվող վայրագ կառուցապատումն ու բետոնապատումը, մայթերի ու փողոցների կիսավարտ վերականգնումները, սալիկների ու դիտահորերի շուրջ ցեխաջրերի կույտերը, մալուխների ու էլեկտրագծերի սև կծիկները մեր առօրյայի մի մասն են:


Հանրապետության հրապարակում կենտրոն կանաչապատումը կրկին կաշխատացնի ավանդական ավել-ցախավելներով միմյանց հետ վիճող ու հայհոյախոսող 70+ անձնակազմին, բանվորները հաստաբեստ մալուխները կկտրեն ոչ թե համապատասխան գործիքով, այլ սովորական կացինով՝ այդ կերպ ահաբեկելով անցնող զբոսաշրջիկներին, շենք կպայթացնենք օրը ցերեկով բնակելի հատվածի հենց կենտրոնում, որ մարդիկ ու հատկապես երեխաները երկար ժամանակ ստրեսից դուրս չգան: Բայց դե այս ամենը ոչինչ է. կարևորը քաղաքապետարանի կերած խմած բաժնի պետերի կարմրաթուշ ու կայտառ տեսքն է ու թանկարժեք կոստյումների ու չարոխների մեջ ներդրված սեփական օրգանիզմներն ոչ պակաս թանկարժեք մեքենաների մեջ նստացնելն է:


Մնացածի հերն էլ անիծած:Լուսանկարն իրական է և արված է քաղաքապետարանից 300 մետր հեռու գտնվող մայթից: Իսկապես հանճարեղ լուծում է գտել քաղաքապետարանի աշխատակիցը, որի արդյունքում երեխաները կարող են զրկվել աչքից, իսկ մայրաքաղաքիս արու բնակիչները կարող են նույնիսկ ամորձատվել»։