«Երևանն ինքնամեկուսացման քաղաքականություն է վարում». Հաջիզադե

Ադրբեջանը մշտապես կողմ է եղել տարածաշրջանում հաղորդակցությունների բացմանը. Report-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։


«Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության շրջանակներում տևական ժամանակ ջանքեր են գործադրվել այդ գործընթացն առաջ մղելու համար։ Հայկական կողմը որոշակի պարտավորություններ է ստանձնել այդ փաստաթղթի շրջանակներում։ Եռակողմ հայտարարության 9-րդ կետում հստակ գրված է, թե ինչ պարտավորություններ ունի Հայաստանը, և ինչպես է կազմակերպվելու տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը։


Սակայն Հայաստանը գրեթե 4 տարի է՝ չի կատարել իր պարտավորություններն՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող հաղորդակցությունների բացման հարցում։


Դա հաշվի առնելով՝ Ադրբեջանը դիտարկել է այլընտրանքային ուղիներ։ Օրինակ, Ադրբեջանը համաձայնագիր է ստորագրել Իրանի տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհի կառուցման մասին, որն ուղիղ տրանսպորտային կապ կապահովի Նախիջևանի հետ։


Այս տարիների ընթացքում կատարված աշխատանքն ապացույց է, որ, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը ծանրակշիռ ներդրում ունի տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների զարգացման գործում։


Եթե հայկական կողմն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ, պետք է կատարի ստանձնած պարտավորությունները։ Երևանն իր ապակառուցողական կեցվածքով հերթական անգամ ապացուցում է, որ ինքնամեկուսացման քաղաքականություն է վարում»,-ասել է Հաջիզադեն։

Քաղաքականություն