Մարտի 1-ին ոստիկան Արմեն Երիցյա՞նին են փորձել սպանել
ԱԻՆ Արտակարգ Ալիքի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների հետ կապված կարեւոր հանգամանք էր նշել: Գրիգորյանը մասնավորապես նշել էր, որ մի բարձրաստիճան ոստիկան պատմել է, թե ինչպես են իրեն Մարտի 1-ին թիրախավորել, որ սպանեն: Armtimes.com-ը Նիկոլայ Գրիգորյանից խնդրել է պարզաբանել, թե որ բարձրաստիճան ոստիկանի մասին է խոսքը, վերջինս, սակայն, ասել է , որ թույլտվություն չունի անունը հրապարակելու: Լրատվամիջոցի տեղեկություններով, այդ բարձրաստիճան ոստիկանը Արմեն Երիցյանն է եղել, որը 2008 թվականին ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալն էր: «2008 թվականի մարտի մեկին Հայաստանում թոշնեց գարնան առաջին օրը՝ զարթոնք, սեր…խամրեց ՔՊ համաշխարհային օրը՝ մարդասիրություն, քաղաքացիական բնակչության պաշտպանություն. խաղաղ բնակչության դեմ զորք հանվեց: Կրակոցներ հնչեցին բոլորովին անմեղ մարդկանց ուղղությամբ՝ նպատակային, թիրախավորված: Մի շատ-շատ բարձրաստիճան ոստիկան ինձ պատմում էր, թե ինչպես են իրեն թիրախավորել, որ սպանությունն օգտագործեն միտինգավորներին դաժանորեն ճնշելու համար: Բայց ժամանակին ստացված տեղեկատվությունն ու հուշումը փրկել են նրա կյանքը, ինչը, ցավոք, չի կարելի ասել զոհվածների մասին»: Լրատվականի տեղեկություններով, հուշումը արվել է ԱԱԾ աշխատակիցներից մեկի կողմից:

Քաղաքականություն