Թուրքիայի նախագահը տապալել է ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնի հետ հանդիպումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տապալել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպումը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերելեր»-ը: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի փոխանցմամբ՝ հանդիպման չեղարկման համար պատճառ է հանդիսացել Թուրքիա այցից առաջ Իսրայելում Բոլթոնի արած հայտարարությունը: «ԱՄՆ-ը Սիրիայում գտնվող զորքերը դուրս չի բերի, մինչև Թուրքիայի իշխանությունները չերաշխավորեն, որ չեն հարձակվի Սիրիայի քրդերի վրա և որ նրանց անվտանգությունը կապահովվի»,-հայտարարել է Բոլթոնը: Հունվարի 8-ին Թուրքիա է այցելել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ԱՄՆ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Զոզեֆ Դանդորֆը, և Սիրիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին: ԱՄՆ-Թուրքիա քննարկումների օրակարգում են ԱՄՆ զորքերի Սիրիայից դուրսբերման գործընթացը, ԱՄՆ-ում վտարանդիության մեջ գտնվող թուրք քարոզիչ, գյուլենականների առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձման, ինչպես նաև Սիրիայի քրդերի հետ կապված հարցեր: Թուրքական կողմը պատասխանելով Բոլթոնի հայտարարությանը նշել էր, որ այդ հայտարարություններն անհիմն են, և , որ Թուրքիայի բոլոր գործողություններն ուղղված են Սիրիայի քրդերի անվտանգության ապահովմանը: Բոլթոնն առանց Էրդողանին հանդիպելու վերադարձել է ԱՄՆ:

Քաղաքականություն

Պատահարներ