Մեղադրանք է առաջադրվել խաղալիք դանակով դեղատան աշխատակցին սպառնած քաղաքացուն․ ՔԿ
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանում դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Երևանի՝ 1982 թվականին ծնված բնակչին: Այս մասին հայտնում են ՔԿ-ից: Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի՝ 1982 թվականին ծնված բնակիչը, 2018թ. նոյեմբերի 14-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, մուտք է գործել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գործող ՓԲ ընկերության դեղատուն, որտեղ իր մոտ եղած խաղալիք դանակի գործադրմամբ դեղատան աշխատակցի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է գումար և հափշտակելով 157.000 ՀՀ դրամ կանխիկ գումար՝ դիմել փախուստի: Դեպքի առթիվ 2018 թվականի նոյեմբերի 14-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ արարքը վերաորակվել է և 36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Քաղաքականություն