10 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիր ու 750 աշխատատեղ Կոտայքի մարզում
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Կոտայքի մարզում շուրջ 10 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվելու։ «6 ամիս որպես Կոտայքի մարզպետ պաշտոնավարելու ընթացքում բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել ներդրողների հետ՝ իմ հրավերով կամ վերջիններիս նախաձեռնությամբ։ Նպատակն է՝ նորարարական լուծումներով և ժամանակակից առաջարկներով հագեցած ծրագրով մեր մարզում իրականացնել լայնամասշտաբ ներդրումներ։ Մշտապես իմ պատրաստակամությունն եմ հայտնել աջակցել դրանց իրագործմանը՝ ի նպաստ մարզի համաչափ զարգացման և իհարկե աշխատատեղերի ստեղծման։ Հանքավան գյուղում նորագույն տեխնոլոգիաներով հագեցած առողջարանա-հյուրանոցային համալիրի ստեղծման ծրագրին ես հավանություն տվեցի՝ համարելով այն լավագույններից՝ աշխատատեղերի քանակի, աշխատավարձերի նվազագույն շեմի և այլ ծրագրային կետերի առումով։ Համալիրը կառուցելու համար նախատեսվում է ներդնել շուրջ 10 միլիոն ԱՄՆ դոլար՝ ըստ տարիների՝ 2019թ․ – 3 միլիոն ԱՄՆ դոլար, 2020թ․ – 3 միլիոն ԱՄՆ դոլար 2021թ․ – 4 միլիոն ԱՄՆ դոլար։ Միայն 2019 թ․ ծրագրով նախատեսվում է ստեղծել 180-200 ուղիղ աշխատատեղեր, իսկ անուղղակի աշխատատեղերի թիվը մինչև 2021 թվականը հասցնել 750-ի։ Ներկայում նախահաշվային և նախագծային աշխատանքներն ու հողհատկացման գործընթացներն արդեն մեկնարկել են։ Այս պահին բանակցության տարբեր փուլերում գտնվող մոտ 2 տասնյակ ներդրումային ծրագրեր ունենք, որոնց մեկնարկը մարզում զգալի դրական տեղաշարժեր և նոր ռեսուրսների ներհոսք կապահովի»,- գրել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ