Փաշինյանին ընտրվելու կապակցությամբ շնորհավորել են Վրաստանի և ՌԴ վարչապետերը
Այսօր 7-րդ գումարման Ազգային Ժողովը ՀՀ վարչապետ ընտրեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Այս առնչությամբ Փաշինյանին շնորհավորել են Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, ինչպես նաև ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Ինչպես հայտնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Նիկոլ Վովայի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ։ Հուսով եմ, որ, վերստանձնելով այս բարձր ու պատասխանատու պաշտոնը, Դուք և Ձեր ղեկավարած կառավարությունը կշարունակեք անել հնարավորը Հայաստանի Հանրապետության զարգացման, երկրի ու ժողովրդի պաշտպանունակության ու անվտանգության համակարգի զորացման, տնտեսական առաջընթացի ապահովման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ընդլայնման ու խորացման ուղղությամբ: Համոզված եմ, որ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները համատեղ ուժերով հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության աստիճանը շարունակաբար բարձրացնելու և համընդհանուր խնդիրները լուծելու ուղղությամբ: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ»։

Քաղաքականություն

Պատահարներ