Գոտկատեղից ներքև հարվածելու նպատակ չունենք. Շարմազանով
Հայաստանի Հանրապետական կուսակցության այսօր կայացած նիստում քննարկվել են ներքաղաքական խնդիրներ և կազմակերպչական հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա ընդգծել է, որ հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի արտաքին քաղաքականությանը։ ՀՀԿ մտահոգությունն են առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումները, որոնց մանրամասները հասարակությանը հայտնի չեն, իսկ ամփոփիչ հայտարարություններում ոչ մի խոսք չկա կարգավորման սկզբունքների մասին, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին։ «Մենք տեսնում ենք, որ Իլհամ Ալիևը և Էլմար Մամեդյարովն ինչ–որ հույսեր են կապում բանակցություններ հետ։ Մեզ շատ հետաքրքիր է, թե դրանք ինչ հույսեր են», – ասել է Շարմազանովըՙ հավելելով, «Եթե Փաշինյանը պայքարում էր մեր դեմ, մենք պայքարում ենք այն քաղաքականության դեմ, որը չի սպասրակում Հայաստանի և Արցախի անվտանգությանը։ Քննադատում ենք ոչ թե անձերին, այլ քաղաքական գիծը, որի նպատակը արդյունքում ոչ թե գոտկատեղից ներքև հարվածներ հասցնելն է, այլ քննադատությունը լսելի դարձնելն է, որպեսզի անփորձ իշխանությունը, որը 9 ամիսների ընթացքում կուտակել է սխալների պաշար, վերադառնա ճիշտ ուղի»: Հիշեցնենք, որ ՀՀԿ նիստն այսօր անցկացրել է կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը։ Շարմազանովի խոսքով` կուսակցության ղեկավարի փոփոխության հարցը չի քննարկվում։

Քաղաքականություն