Ոչխար արածեցնելու հարցի շուրջ վեճի ժամանակ քաղաքացին կրակահերթ էր բացել․ մանրամասներ
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի պահվող զենքի գործադրմամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՔԿ-ից: Ըստ նախնական տվյալների՝ 2019 թ. հունվարի 22-ին՝ ժամը 17.30-ին, Սուրենավան գյուղի բնակիչը ՀՀ ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15.30-ի սահմանում, համագյուղացին «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգով կրակահերթ է արձակել Սուրենավան գյուղի երեք բնակիչների ուղղությամբ: Դեպքի առթիվ 22.01.2019 թ. Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Սուրենավան գյուղի՝ 1997 թվականին ծնված բնակիչն իր ոչխարները համագյուղացուն պատկանող հողակտորում արածեցնելու և այդ կերպ հասցված նյութական վնասը փոխհատուցելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել Սուրենավան գյուղի 1972, 1984 և 1987 թվականների ծնված բնակիչների ուղղությամբ: Վերջիններս ճանաչվել են տուժող: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ինքնաձիգի՝ թվով 4 հատ պարկուճ, երկու տարբեր հատվածներում հայտնաբերվել են արնանման հետքեր: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև առերևույթ հանցագործություն կատարած անձին պատկանող «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենան: Նշանակվել է դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ, դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։

Քաղաքականություն

Պատահարներ