Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում
Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել են Volkswagen մակնիշի 35 ՏC 450 համարանիշի և Hovo մակնիշի 018 RR 18 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք shamshyan com-ից: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Արսեն Գևորգյանի գլխավորությամբ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Այս պահին դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ճՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են բեռնսատար վարորդի և Volkswagen-ի մահացած վարորդի ինքնությունը:

Քաղաքականություն

Պատահարներ