Վարչապետի այցից հետո Գերմանիայի կառավարության կայքը գրել է` 7 փաստ, որ չգիտեք Հայաստանի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած պաշտոնական այցից հետո Գերմանիայի կառավարության կայքում հրապարակվել է «7 բան, որ չգիտեք Հայաստանի մասին» վերտառությամբ հոդված։ Այս մասին հայտնում է news am-ը: Դրանք ներկայացնում ենք ստորեւ. «Գինու ամենահին գործարանն աշխարհում գտնվում է Հայաստանի Արենի գյուղում եւ շուրջ 6 000 տարվա պատմություն ունի։ Գործարանում օգտագործված խաղողը համարվում է Pinot Noir տեսակի «նախահայրը»։ Վերոհիշյալ գյուղում է հայտնաբերվել նաեւ աշխարհի ամենահին կաշվե կոշիկը։ Այն 5.500 տարեկան է եւ շատ լավ պահպանված է։ Հայաստանի տարածքը հավասար է Բրանդենբուրգի տարածքին, իսկ բնակչությունը այնքան է, որքան Շլեզվիգ Հոլշտայնինը՝ 2.9 միլիոն։ Հայաստանի մայրաքաղաք Երեւանը 29 տարով ավելի մեծ է Հռոմից։ Այն աշխարհի ամենահին քաղաքներից է։ Քանի որ շենքերի մեծ մասը կառուցվել է վարդագույն տուֆից, քաղաքը ստացել է «Վարդագույն քաղաք» անվանումը։ Կովկասում ամենամեծ լիճը գտնվում է Հայաստանում եւ կոչվում է Սեւան։ Լճի մակերեսը կազմում է 1200 քառակուսի կիլոմետր, այսինքն՝ այն 1,3 անգամ ավելի մեծ է, քան Բեռլինը: Հայկական լավաշը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկում: Շախմատը 2011 թվականից ներառված է դպրոցական ուսումնական ծրագրում։ Ուստի, պատահական չէ, որ աշխարհում մեկ անձին բաժին ընկնող շախմատի չեմպիոնների թվով Հայաստանն առաջինն է»։

Քաղաքականություն

Պատահարներ