Ալեն Սիմոնյանի զոքանչի թերթի մեղադրանքները՝ վարչապետի աներորդուն․ վերջինս հերքում է
Պատգամավոր Հրաչ Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է "Հրապարակ" օրաթերթի այն հրապարակմանը, ըստ որի՝ իր ներկայացրած նոր օրինագիծը ԶԼՄ-ների դեմ ուղղված քայլ է։ "Վարչապետի նախկին աշխատակցուհի, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի զոքանչի թերթը իմ ներկայացրած օրինագիծը համարում է առնվազն ԶԼՄ-ների ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ դեմ ուղղված քայլ: Պարզաբանում. 1. Օրենքը ոչ միայն լրատվամիջոցներում բուքմեյքերական ընկերությունների գովազդը արգելելու մասին է, այլ առհասարակ բուքմեյքերական ընկերությունների բոլոր տեսակի գովազդները ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ մասին է: 2. Ավելին, երբ օրինակ արտաքին գովազդի (վերգետնյա անցումներ, փողոցային վահանակներ, կամուրջներ, վերելակներ....) դեպքում ընդհանրապես գովազդը կարգելվի, ապա ես նախաձեռնել եմ հանդիպում, որպեսզի լրատվամիջոցների հետ քննարկենք այս հարցը եւ միգուցե կայքերում գովազդի չափի սահմանափակում լինի, կամ վիդեո տարբերակների դեպքում, վայրկյանների սահմանափակում լինի, եւ այլն: 3. Երբ երեկ Հրապարակ օրաթերթի լրագրողի հետ հեռախոսազրույց ունեցա այս թեմայի շուրջ, այդ իսկ պահին իրենց ասացի որ իրենց ներկայացուցչին նույնպես հրավիրում եմ այսօրվա քննարկմանը: Սակայն նյութում գրել են, որ հրավեր չեն ստացել: 4. Րոպեներ առաջ ինձ զանգահարեց Հրապարակ թերթից մի լրագրող եւ ասեց, որ ինչքանով տեղյակ է նրանք այսօրվա քննարկման հրավեր ունեն, կարող է ինքը մասնակցել այդ քննարկմանը: Եւ չնայած նրան որ հրավերը եղել է կամ լրտվականների տնօրեններին, կամ գովազդի բաժնի պատասխանատուներին, այնուամենայնիվ համաձայնեցի որ Հրապարակ թերթի ներկայացուցիչը լինի լրագրող",- գրել է նա: "Հրապարակ" օրաթերթը գրել էր․ "«Վարչապետի աներորդի, պատգամավոր Հրաչ Հակոբյանի նախաձեռնությամբ դեռ նախորդ գումարման Ազգային ժողովում օրենսդրական նախագիծ էր ներկայացվել, որով արգելվելու է բուքմեյքերական ընկերությունների գովազդը հեռուստատեսությամբ եւ առցանց տիրույթում, ինչը ֆինանսական մեծ հարված կլինի լրատվամիջոցներին, որոնք հիմնականում գովազդից են ֆինանսավորվում, իսկ Հայաստանում քանի որ տնտեսությունը չի զարգանում, ուստի, գովազդատուները հիմնականում բուքմեյքերներն են։ Այս նախաձեռնությունն առնվազն ԶԼՄ-ների անկախության դեմ ուղղված քայլ կարող է դիտվել, եւ լրատվական աշխարհում բողոք է հասունանում։ Նախագիծը դեռ աշխատանքային քննարկման փուլում է, սակայն այսօր հեղինակն ԱԺ-ում փակ քննարկում է կազմակերպել խնդրի առնչությամբ՝ խտրական մոտեցում դրսեւորելով եւ որոշ լրատվամիջոցների չհրավիրելով։ Համենայնդեպս, «Հրապարակը» հրավեր չի ստացել։ Ավելին՝ անգամ «Իմ քայլը» խմբակցությունում երեկ տեղյակ չէին, որ նման քննարկում է նախաձեռնվել։ Հրաչ Հակոբյանն արդարացավ, թե իր օգնականն է հրավիրել ԶԼՄ-ներին, ինքը տեղյակ չէ, թե ում"։

Քաղաքականություն

Պատահարներ