Ձայնագրություն, լուսանկարներ․ Եղվարդի քաղաքապետարանի հատկացրած 500,000 դրամը դպրոցի տնօրենը չի վերցրել․ Ուսուցիչներն ու տնօրենը հաստատում են
"Ժողովուրդ" օրաթերթն այսօր գրել էր, որ Կոտայքի մարզպետարանը ստուգումներ է իրականացրել Եղվարդի համայնքապետարանում ու պարզել, որ քաղաքապետ Նորայր Սարգսյանի որոշմամբ՝ դեռ 2016թ. Տեառնընդառաջ համաքաղաքային տոնակատարության մասնակիցների՝ որպես հոբելյանական հազարերորդ զույգի, տրամադրվել է տուրիստական ճամփորդության փաթեթ դեպի Դուբայ, փաթեթի արժեքն էլ կազմել է 577 հազար դրամ: Ժողովուրդ օրաթերթը հայտնել է, որ բացի այդ, համայնքի միջոցներից 500 հազար դրամ վճարվել է Եղվարդի թիվ 14 ավագ դպրոցի տնօրեն Ռազմիկ Սիմոնյանին այն դեպքում, երբ համաձայն համայնքի ղեկավարի համապատասխան որոշման կից հավելվածի՝ նշված գումարները պետք է տրամադրվեին հինգ դասղեկների: Ավրորանյուզի հետ զրույցում դպրոցի տնօրեն Ռազմիկ Սիմոնյանը լուրի՝ իր մասով գրվածը որակեց ապատեղեկատվություն՝ նշելով, որ նշված 500 հազար դրամը ինքը չի վերցրել, այլ իրապես տրվել է դպրոցի 5 դասղեկներին ավարտական միջոցառումներ կազմակերպելու համար։ Ավելին, Սիմոնյանը փաստում է, որ Եղվարդում չկա թիվ 14 ավագ դպրոց։ Կա միայն մեկը՝ թիվ 1 ավագ դպրոցը։ "Գումարը տրամադրվել է Վերջին զանգի ավարտական աշխատանքները կազմակերպելու համար։ Այդ մասին տեղյակ են բոլոր ծնողները և բոլոր 100 շրջանավարտները։ Նրանք կարող են հաստատել։ Խոսքը 2016 թ․-ի Վերջին զանգի մասին է։ Դա տեղի է ունեցել ամբողջ համայնքի առաջ։ Ներկա պահին ուսուցիչները, որոնց տրվել է գումարը հայտարարություն են գրում։ Եվ դրանք մենք կարող ենք տրամադրել և՛ Ձեզ, և՛ քաղաքապետարանին",- ասաց ավագ դպրոցի տնօրենը: Նա նաև հավելեց, թե չի հասկանում՝ սա ուղղորդում է, թե սխալմունք։

Քաղաքականություն