Հայաստանում խաբեությամբ հայտնված 4 հնդիկները վերադարձել են Հնդկաստան
Հնդկաստանի չորս քաղաքացիները, ովքեր հնդկական տուրիստական գործակալությունների խաբեության հետևանքով դժվար կացության մեջ էին հայտնվել Հայաստանում, ուղարկվել են հետ՝ Հնդկաստան: Այս մասին «Թվիթեր»-ում հայտնել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը: Հնդկական լրատվամիջոցները, մասնավորապես՝ «Hindustan Times»-ը «5 օր ոչինչ չեն կերել» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ նշել է, որ Փենջաբ նահանգի 4 երիտասարդներ հայտնվել են անելանելի իրավիճակում: Հրապարակվել է նաև տեսանյութ, որտեղ երիտասարդները պնդում են, որ 5 օր հաց չեն կերել, իսկ տանտերը պահանջում է դուրս գալ տնից: Ըստ օրաթերթի` այդ հնդիկները Հայաստանում են հայտնվել հնդկական տուրիստական գործակալության կողմից տրամադրված վիզայի միջոցով աշխատելու նպատակով, սակայն նրանց չի հաջողվել Հայաստանում աշխատանք գտնել: Դեպքը նաև հնդիկ պատգամավորների ուշադրության կենտրոնում է. նրանք աշխատում են ապօրինություն թույլ տված հնդկական զբոսաշրջային յոթ գործակալների պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Նրանցից 6-ն արդեն հրավիրվել են Փենջաբ նահանգի Կապուրտալա քաղաքի ոստիկանություն:

Քաղաքականություն