Մակրոնը գնահատել է Ֆրանսիայում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործման հնարավորությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գնահատել է Ֆրանսիայում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործման հնարավորությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մի քանի շաբաթ առաջ որոշում էի կայացրել գիտական պատվիրակություն ուղարկել Ռուսաստան՝ խորհրդակցությունների նպատակով։ Այդ խորհրդակցությունները դրական էին։ Այսօր մենք տեսնում ենք հրապարակումներ, որոնք ներկայացնում են «Սպուտնիկ V» պատվաստանյութի բարձր արդյունավետությունը»,- ասել է նա LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Միաժամանակ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Ֆրանսիայում որևէ պատվաստանյութի օգտագործման համար նախ անհրաժեշտ է, որ այն Եվրամիության և Ֆրանսիայի բժշկական կարգավորիչների կողմից հավանության արժանանա։

«Դա քաղաքական հարց չէ, դա գիտական հարց է»,- վստահեցրել է Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնը նաև խոստացել է, որ բոլոր ֆրանսիացիները մինչև ամռան ավարտը կկարողանան պատվաստվել կորոնավիրուսի դեմ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի առողջապահության գերագույն կոմիտեն հավանություն է տվել AstraZeneca ընկերության մշակած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի օգտագործմանը: Երկրում թույլատրված են նաև Moderna, Pfizer և BIONTECH ընկերությունների արտադրության պատվաստանյութերը:

Նախօրեին The Lancet ամսագիրը հրապարակել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական հետազոտության երրորդ փուլի արդյունքները, որոնց համաձայն այն անվտանգ է և արդյունավետ։ Պատվաստանյութի արդյունավետությունը կազմում է 91,6 տոկոս:

Քաղաքականություն

Պատահարներ