Արդեն 50 հատ սատկել է, ու դեռ չգիտեմ, երևի մի 50-100 հատ էլ կսատկի. Վաղաշենում թունավորման հետևանքով ոչխարներ են սատկել. ArmDaily.am

Այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքում ըստ նախնական վարկածի թունավորման հետևանքով սատկել է 50 ոչխար։

 

ArmDaily.am-ի հետ զրույցում ֆերմեր Արման Գալստյանը, ում պատկանում էին ոչխարները, հայտնեց, որ ոչխարները երկրորդ տարին է, ինչ պահում է. «Կորոնավիրուսի պատճառով գառներին չկարողացա վաճառեմ, որ պարտքերս փակեմ ու խոտ գնեմ, ոսկիներս եմ դրել գրավ, 3 անգամ նույն մարդուց խոտ եմ առել։ 2 գոմ ունեմ, խոտը որ առել եմ, տվել եմ 2 գոմի անասուններին էլ։ Մի գոմում ոչխարները չեն սատկել, ոչ մի խնդիր չկա, մյուս գոմում ոչխարները սատկում են։ Արդեն 50 ոչխար սատկել է, ու դեռ չգիտեմ, երևի մի 50-100 հատ էլ կսատկի»։

Հարցին՝ բացի խոտը, որևէ հավելյալ կերով կերակրե՞լ եք՝ ֆերմերը պատասխանեց. «Ոչ մի կեր, ոչ մի դեղորայք չեմ տվել, բժիշկներն էլ հարցրեցին կարող ա պատվաստում ես արել, ասել եմ, որ ոչ մի բան չեմ արել։ Իսկ ջուրը հենց ծորակից միանգամից իրենց ամանի մեջ է լցվում»։

Նա նշեց, որ ոչխարները վարկով է գնել. «50 ոչխարը մոտ 4 մլն դրամի վնաս է, քանի որ ոչխարները հղի էին ու գառներն էլ դեռ չծնված սատկել են, կրկնակի վնաս եմ կրել։ Այս պահին 1.2 մլն ոսկու գրավ ունեմ, մոտ 10 մլն դրամ էլ իմ տեխնիկաներն եմ վաճառել՝ կոմբայն եմ ծախել, ոչխար եմ առել, մի հատ պրես եմ ծախել։ Մոտ 15 մլն դրամ փող եմ ներդրել այդ ամեն ինչի մեջ։ Բանկից վերցրել եմ մոտ 8 մլն դրամ, մի մասը քիչ-քիչ մարել եմ, բայց հիմա չգիտեմ ինչ եմ անելու, ոչ մի բան չեմ կարող անել, բանկեր զանգում ասում եմ գոնե սառեցրեք վարկերը, ասում են մենք կապ չունենք, ոչ մի բան չենք կարող անել։ Կառավարությունն էլ իր կողմից է ձեռքերը լվանում, չգիտեմ՝ էս ինչ վիճակ ա, մեկը չկա օգնի, տույժը մի քիչ փոքրացնի»։

Քաղաքականություն

Պատահարներ