Խոշոր ավտովթար Երևանում. տապալվել է լուսացույց ու հաստաբուն ծառ. կա վիրավոր

Խոշոր ու կասկադյորական ավտովթար է  տեղի ունեցել Երևանում: Երեկ ժամը 22:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Վ, Հարությունյանը  իր վարած BMW մակնիշի  51 QX 111 համարանիշի ավտոմեքենայով Մազմանյան-Շիրազ և Չաուշի փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը  կարգավորող լուսացույցին, տապալել այն և առաջ ընթանալով բախվել ծառին, արմատախիլ արել այն ու հայտնվել կանաչ գազոնում:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 21-ամյա Ա. Միլոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը:  

Օպերատիվորեն ժամանել են նաև «Երքաղլույս» ՓԲԸ-ի ծառայողները: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության  ծառայողները: 

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Արտավազդ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայր ժամանած ոստիկաններին վարորդը հայտնել է, որ  ինքն աշխատում է «Էֆեկտ Գրուպ»  ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ: 


 

Քաղաքականություն

Պատահարներ