Մանկական երկաթուղու թունելում կրակի օջախը հայտնաբերվել է

Այս պահին ծխապատ գոտի է, թունելն ամբողջությամբ ծխով պատված է. այրվում են մալուխներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ, գնդապետ Արթուր Ոսկանյանը:

Նշենք, որ Մանկական երկաթուղի տանող թունելը, որը գտնվում է Սարյան փողոցի հարակից այգում, ամբողջ ծխով է պատված: Սեւ ծուխը բռնել է ամբողջ թաղամասը:

Արթուր Ոսկանյանի խոսքով, այս պահին հետախուզություն է իրականացվում. «Օջախը հայտնաբերվել է, ուժերն ենք վերադասավորում, որ մարման աշխատանքներ իրականացնենք: Երեւի բարձր լարում է եղել, ջերմությունից կրակ է բռնկվել: Ընթանում են հրդեհաշիջման աշխատանքներ այս պահին: 10 րոպեից կսկսենք մարման աշխատանքները: Հետախուզողությունը դուրս կգա, կզեկուցի, որոշում կկայացնենք: 6 հազար վոլտ լարման 30 հատ մալուխներ են»,-ասաց նա՝ հավելելով, որ աամբողջ տարածքը հոսանքազրկվել է:

ԱԻՆ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ահազանգը ստացվել է շուրջ 2,5 ժամ առաջ:

Դեպքի վայրում է նաեւ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը, ով նշեց, որ այդ մալուխները գրեթե ամբողջ փոքր կենտրոնի այլընտրանքային լրացուցիչ հոսանքի աղբյուր են հանդիսանում. «Բայց մենք ունենք այլընտրանքային աղբյուր եւ հիմա բոլորն արդեն պետք է հոսանքով ապահովված լինեն: Շատ արագ հնարավոր է եղել անցնել լրևացուցիչ սնուցման: Անհանգստանալու որեւէ խնդիր չկա»:

Իսկ ահա բնակիչներից մեկը հայտարարեց, որ առավոտվա 5-ից հոսնաքն անջատված է եւ դեռ չեն միացրել:


 

Քաղաքականություն

Պատահարներ