Բացառիկ տեսանյութ․ տեսախցիկն արձանագրել է՝ ինչպես է Զվարթնոց տաճարի մոտ «Կռազ»-ը մետաղե ջարդոնի վերածում «ՎԱԶ 21014»-ը
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ հոկտեմբերի 5-ին, Արմավիրի մարզում՝ Զվարթնոց տաճարի հարևանությամբ խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ «Կռազ»-ը վարել է Սյունիքի մարզի բնակիչ՝ 60-ամյա Ռազմիկ Ղուկասյանը, ով բախվել էր ճամփեզրին կայանված, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 60-ամյա Բաբկեն Սերոբյանին պատկանող «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին առաջ ընթանալով՝ բախվել էր Արմավիրի մարզի բնակիչ՝ 35-ամյա Վիգեն Արտաշյանին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, որն էլ բախվել էր Երևանի բնակիչ՝ 48-ամյա Օլգա Տելեգինային պատկանող «Ջեյ Սի Բի»-ին (մինի տրակտոր)։
Վթարի հետևանքով Բ. Սերոբյանը. Վ. Արտաշյանը և վերջինիս ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Ա. Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին էլ տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել նշված ավտովթարը, որն արձանագրվել է հարևանությամբ տեղադրված տեսախցիկի կողմից։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 5-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում «Կռազ 250» մակնիշի բեռնատարը Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Զվարթնոց տաճարի հարևանությամբ դեպի Երևան ընթանալիս բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «ԼԱԴԱ 2114» մակնիշի ավտոմեքենային։ Բախման հետևանքով «ԼԱԴԱ»-ն էլ առաջ էր ընթացել, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ առաջ ընթանալով՝ բախվել էր կայանված մինի տրակտորին։ Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին՝ երկուսը՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, մյուս վիրավորն էլ՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկը։ «ԼԱԴԱ 2114»-ի վարորդին ավտոմեքենայից դուրս էին բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարւթյան փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով տեխնիկա։ Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։