Թունավորման դեպք Տավուշում. ընտանիքի անդամներ` այդ թվում երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հունվարի 10-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում «Բերդ» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «անհայտ էթոլոգիայի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացի։ 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։  Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Վերին Կարմիրաղբյուր գյուղից, և նրանք են 63-ամյա Նավասարդ Պ-ն, 63-ամյա Ռոզա Դ-ն, 36-ամյա Շուշանիկ Գ-ն, 15-ամյա Մարիամ Պ-ն և 12-ամյա Վահե Պ-ն։ Ոստիկանները պարզել են նաև, որ հունվարի 9-ին տանը վերջիններս ընթրիքի ժամանակ օգտվել են պահածոյացված խավիարից և կարմիր բիբարից, ինչն էլ պատճառ է դարձել թունավորման։ Փաստի առթիվ ոստիկանության Տավուշի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։  Կայքի տեղեկություններով՝ բոլոր թունավորվածները բարեկամներ են։ 

Քաղաքականություն