Թերթը սուտ տեղեկություններ է հրապարակել Արարատ Միրզոյանի վերաբերյալ. խոսնակը մանրամասնում է

«Չորրորդ իշխանություն (ՉԻ)» թերթը իրականության հետ որևէ աղերս չունեցող և ամբողջությամբ սուտ տեղեկություններ է հրապարակել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի վերաբերյալ։ Արարատ Միրզոյանը և իր տիկինը «ՉԻ» կայքի՝ «Ապառիկով ապրող Արարատ Միրզոյանը միլիոնատե՞ր է դարձել. ինչ բրենդից է օգտվում ԱԳ նախարարը» վերնագրով հրապարակման մեջ նշված վայրից և նշված կամ դրան մոտ արժեքով կահույքի հավաքածու երբևէ չեն գնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մաուլի խոսնակ Վահան Հունանյանը: 

«Ավելին՝ հրապարակման մեջ արված այն պնդումը, թե Արտաքին գործերի նախարարությունը խնդրի վերաբերյալ թերթի գրավոր հարցումն անպատասխան է թողել, ևս բացարձակապես անհիմն է։ ՀՀ ԱԳՆ-ն օրենքով սահմանված ժամկետում պատասխանել է հարցմանը (պատասխանի լուսանկարը կցված է): Իսկ այն, որ ԱԳՆ-ից իբրև թե պատասխան չստանալու հանգամանքը թերթը ներկայացրել է որպես իր մատուցած սուտ տեղեկության հիմնավորում, ուղղակի զավեշտալի է։ Մնում է հուսալ, որ դա արվել է ոչ թե Արարատ Միրզոյանի բարի համբավը կեղծ տեղեկություններով չարամտորեն արատավորելու մտադրությամբ, այլ լրագրողական պրոֆեսիոնալիզմի բացակայության և տրամաբանության տարրական կանոնների չիմացության պատճառով:

Հայտնում ենք, որ «ՉԻ»-ին հերքման պահանջ ենք ներկայացնելու, իսկ պահանջի չկատարման դեպքում կիրառելու ենք ՀՀ օրեսնդրությամբ սահմանված այլ գործիքակազմ»,-գրել է խոսնակը:

 


 

Քաղաքականություն

Պատահարներ