«Հանդիպումից ընդհանրապես դրական տպավորություններ չեմ ստացել»․ նոր մանրամասներ՝ կանցլերի և Պուտինի հանդիպումից

Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը դրական տպավորություններ չի ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից։ Այս մասին երեկ հայտնել է MeinBezirk-ը։ 

«Պուտինի հետ զրույցը տեղի է ունեցել նույն երկար սեղանի շուրջ, ինչ Կրեմլում, դա դեմ առ դեմ զրույց էր։ Շատ պարզ, ազնիվ առճակատում։ Հանդիպումից ընդհանրապես դրական տպավորություններ չեմ ստացել»,- ասել է կանցլերը: 

Նեհամմերն ասել է, որ երբ ինքը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական հանցագործությունների միջազգային հետաքննության հարցը, իր և Պուտինի միջև «կոշտ առճակատում» է եղել։ Ըստ կանցլերի՝ ՌԴ նախագահը Բուչայում տեղի ունեցած ռազմական հանցագործություններն անվանել է «ուկրաինական կողմի բեմադրություն»: 

Նեհամերի խոսքով՝ Պուտինը մեծ մասամբ որդեգրել է ռազմական տրամաբանությունը և գործում է դրան համապատասխան։ Արձագանքելով նրան, որ պատերազմը պետք է շուտով ավարտվի, Պուտինն ասել է. «Վատ չէր լինի»։  

«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը, ըստ երևույթին, գտնվում է Ուկրաինայի արևելքում անջատողական տարածքներում հարձակման նախապատրաստման փուլում», - ասել է կանցլերը: 

Նրա խոսքով՝ խաղաղ բնակչության համար անհրաժեշտ են մարդասիրական միջանցքներ։ 

«Այստեղ, սկզբունքորեն, ռուսական կողմը համաձայնում է համագործակցել միջազգային Կարմիր խաչի հետ, ես նախագահ Պուտինին մատնանշեցի, որ նա իր բանակի հետ պատասխանատու է միջանցքների անվտանգության համար»,- ասել է Նեհամերը։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Կարլ Նեհամմերն այցելել է Կիև, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ավստրիայի կանցլերն այցելել է նաև Բուչա քաղաք։

Քաղաքականություն

Պատահարներ