Պետք է պատրաստ լինենք․ Ուկրաինայի համար սարսափելի սցենարների վտանգ կա. Ուկրաինայի ՊՆ

Ռուսական բանակն այսօր կռվում է՝ հիմնվելով մարտական իրավիճակի վրա։ Հակառակորդի հրամանատարությունը ռազմավարություն չունի, պլանավորումը իրավիճակային է: Թշնամուն հետաքրքրում են Ուկրաինայի արևելքն ու հարավը։ Այս մասին, ինչպես նշում է korrespondent.net-ը, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալիարը։ 

Նա նշել է, որ թեև ռազմական գործողությունների տարածքը փոքրացել է, սակայն մարտերի ինտենսիվությունը չի նվազում։ Մալիարի խոսքով՝ այդ տարածքներում իրավիճակը բարդ է: 

«Հակառակորդը զորքը դուրս է բերել հյուսիսային շրջաններից՝ վերախմբավորվելու, հանգստանալու և ամրապնդվելու նպատակով»,-ասել է Մալիարը։ 

Փոխնախարարն ընդգծել է, որ եթե մինչև փետրվարի 24-ը Ռուսաստանի Դաշնությունն ուներ հստակ ռազմավարական ծրագրեր, ապա այժմ այդ պլանավորումը տեղի է ունենում ըստ իրավիճակի՝ «մի քանի օրվա կտրվածքով»։ 

«Կա ընդհանուր ռազմական հայեցակարգ, բայց ռուսական զորքերի կողմից ձեռնարկված որոշ գործողություններ և Պուտինի ընդունած որոշումները դուրս են գալիս ռազմական տրամաբանությունից, դրանք երբեմն զգացմունքային են, հաճախ՝ իռացիոնալ։ Հետևաբար, այստեղ միանշանակ որևէ բան կանխատեսել հնարավոր չէ։ Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի. Ուկրաինայի համար սարսափելի սցենարների վտանգ կա»,- ասել է Մալյարը՝ հավելելով, որ կա նաեւ հակառակորդի քիմիական զենքի կիրառման վտանգ։

Քաղաքականություն

Պատահարներ