ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ եք գալիս, ինչու՞ եք աշխատավարձ ստանում, որ ձեր կայքերի համար նյութե՞ր ապահովեք. Ալեն Սիմոնյանը` ընդդիմությանը

«Ձեզ թվում է՝ ինչի՞ էին այսօր բոլորն այստեղ հավաքված հայտարարություն անում և դուրս գալիս, որպեսզի սեղմվի այն կոճակը, որն ապահովում է աշխատավարձի մուտքերը պատգամավորների հաշվին»,- ընդդիմության այսօրվա բոյկոտի մասին ամբիոնից ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
 

Ալեն Սիմոնյանը ընդդիմության մեղադրեց շատ քիչ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու և միջազգային այցերի և հանդիպումներին գրեթե չմասնակցելու մեջ։

 

«...Ձեզ թվում էր ինչո՞ւ էին բոլորը այստեղ հավաքված և այստեղ հայտարարություն անում ու դուրս գալիս, որպեսզի սեղմվի այն կոճակը, որը ապահովում է աշխատավարձի մուտքերը պատգամավորների հաշվին։ Խմբակցությունը հանգիստ կարող էր հայտարարություն տարածել և ընդհանրապես չգալ այս դահլիճ, բայց ոչ, պետք էր գալ, գրանցվել, հետո դիմել ԱԺ աշխատակազմին, ասելով՝ սա քաղաքական ակցիա է, խնդրում եմ մեր բացակաները համարել հարգելի և աշխատավարձից չպահել։ Սա է մեր այսօրվա ընդդիմությունը»,- ընդգծեց Սիմոնյանը։

 

ԱԺ նախագահը հետաքրքրվեց նաև ընդդիմությունից, թե ինչու իրենք մանդատները վայր չեն դնում։ Սիմոնյանը վստահ է, որ չեն կարող դնել։

«Դրեք ձեր մանդատները։ Եթե այստեղ գործունեություն չեք ծավալում, ապա ի՞նչ եք անում դուք այստեղ։ Ինչո՞ւ եք գալիս այստեղ, ինչու՞ եք աշխատավարձ ստանում։ Ինչո՞ւ են այդ գումարները ձեզ սպասարկելու համար դուրս գրվում, որ ձեր կայքերի համար նյութե՞ր ապահովեք։ Մեկ է այդ կայքերը ոչ մեկ չի կարդում, հեռուստաալիքներն էլ, բացի ձեր ընտրողների մի փոքր զանգվածից, մարդ չի նայում։ Գտեք ձեզ»,- շեշտեց Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ պնդեց և շեշտեց, որ, ցավոք, այսօրվա հայաստանյան ընդդիմության գործունեությունը ունի մեկ ուղղություն և այդ ուղղությունը զուգորդված գործողություններն են ադրբեջանական սադրանքների հետ։

«Այլ քաղաքական օրակարգ հայաստանյան ընդդիմությունը չունի»,- եզրափակեց Սիմոնյանը։

Քաղաքականություն

Պատահարներ