Արցախի պատգամավորը անդրադարձել է Լուսինե Բադալյանի՝ երեկ արված հայտարարությանը

«Արցախում ապրող ժողովուրդը չի հասկանում, թե ի՞նչ է այստեղ կատարվում։ Հայաստանից ժամանած ընդդիմադիր պատգամավորներներին Արցախ մտնելը խոչընդոտելու մասին լուրերն այստեղ տարօրինակ լղոզված կերպով տարածվեցին։ Մենք այդպես էլ չհասկացանք՝ ո՞վ չէր թողել, որպեսզի նրանք մուտք գործեին Արցախ, կամ ինչո՞ւ չէին թողել։ Մի բան, սակայն, հստակ է՝ սա հերթական հոգեբանական ճնշումն է Արցախում ապրող մարդկանց վրա, հասկացնելու, որ Մայր Հայաստանի հետ ձեր կապն ինչ – որ պահից կարող է կտրվել,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ 

Վերջինս հավելում է՝ հասկանալի է, որ այսօրինակ վարքն ավելի է սրելու, առանց այն էլ՝ ճնշող անորոշության մեջ հայտնված արցախցիների վիճակը, մտածելու, որ նրանք այնտեղ բոլորովին մեկուսացված ու կտրված են մնացել Հայաստանից. «Ստացվում է, որ Հայաստանի իշխանական թևը չի այցելում Արցախ, ընդդիմության մի ամբողջ երկու ֆրակցիա ուզում է այցելել, բայց նրանց էլ արգելում են։ Ուրեմն ի՞նչ է ստացվում, որ մենք այստեղ այլևս միայնա՞կ ենք…Ի՞նչ է սա՝ հերթական հոգեբանական ճնշում արցախցիների վրա՞, մենակ մնալու վա՞խ են սերմանում մարդկանց մեջ»,- ասում է Մետաքսե Հակոբյանը։ 

Նա անդրադարձավ նաև ՀՀ ԱԺ իշխանական պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ երեկ արված հայտարարությանը, թե պատրաստ է անձամբ Էվերեստի գագաթին կանգնեցնել Արցախի դրոշը, եթե իմանա, որ դրանով բոլոր հարցերը կգտնեն իրենց լուծումները. 
 

«Եթե ԱԺ ամբիոնից իրեն կոտորող Լուլուն մոռացել է, ապա ես կարող եմ նրան հիշեցնել, որ նա այն մարդկանցից մեկն էր, որը 44 օրյա պատերազմի օրերին Արցախի «Արմենիա» հյուրանոցում քեֆ էր քաշում ու Ստեփանակերտի այս ու այն թփի տակ սելֆի անելով էր զբաղված։ Հիմա նա կանգնել է ՀՀ ԱԺ ամբիոնից քննադատում է Արցախի դրոշի տեղադրման ակցիա՞ն, կամ իրեն թույլ է տալիս մտքեր արտահայտել՝ ընդդիմադիր ֆրակցիայի պատգամավորների Արցախ կատարած այցի վերաբերյա՞լ…Համենայն դեպս, հայաստանյան ընդդիմությունը, հաստատ, նկարվելու համար չէր գալիս Արցախ»,- ասել է պատգամավորը։ 

Ամփոփելով զրույցը Մետաքսե Հակոբյանը նկատել է՝ որպեսզի հարցին լուծում տրվի և այն այլևս չկրկնվի, առաջին հերթին պետք է հասկանալ, թե ընդդիմադիր պատգամավորների Արցախ մուտքն արգելող հրահանգը որտեղի՞ց է եկել, ո՞ւմ կողմից։ 

Հիշեցնենք, որ երեկ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ։ Հայաստանից մեկնած պատգամավորներն Արցախի պատգամավորների հետ հանդիպել են Աղավնոյի անցակետի մոտ։

Քաղաքականություն

Պատահարներ