«Դեբեդ գետի ջրով այգիները ոռոգելուց հետո ծառերը չորանում են». այգեգործները բողոքում են. Լրագրող Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանն է մանրամասներ ներկայացրել ստեղծված իրավիճակից.

 

«Արդեն 14 տարի Դեբեդ գետը պարբերաբար մոխրագույն է դառնում: Այգեգործները բողոքում են, որ ծանր մետաղներով հագեցած գետի ջրով ոռոգելուց հետո դեղձի ծառերը չորանում են։ Անցած տարիներին պարբերաբար Դեբեդից նմուշներ են վերցրել և Երևանում փորձաքննություն կատարել: 

 

Բնահապանության, այժմ՝ շրջակա միջավայրի նախարարությունը մոնիտորինգ է իրականացրել Դեբեդի երկայնքով տեղակայված գործարանների կողմից գետ արտանետումների նկատմամբ: Դեբեդը սպիտակում է Ախթալայի լեռնահարստացման ֆաբրիկայի, Թեղուտի հանքավայրի, Արմանիսի ոսկու հանքավայրի, նախկինում նաև՝ Ալավերդու պղնձաձուլական կոմբինատից կատարված արտանետումների հետևանքով: Գետի վրա ծանր մետաղների գրոհը շարունակվում է: Այս վտանգավոր ջրով են ոռոգվում Թումանյանի տարածաշրջանի Շնող, Ճոճկան, Այրում գյուղերի և Նոյեմբերյան խոշոր համայնքի 8 գյուղերի այգիները: 

 

Դեբեդի ջրով աճեցրած Նոյեմբերյանի արևահամ դեղձը հագեցած է ծանր մետաղներով: Պետությունը մի կողմից խրախուսում է Դեբեդի հովտում այգիների հիմնումը, մյուս կողմից՝ միջոցներ չի ձեռնարկում Դեբեդի աղտոտվածության պատճառները վերացնելու համար։ Մի քանի տարի առաջ Բագրատաշենի բնակիչը Ռուսաստանում բնակվող իր հայրենակցին որպես նվեր ուղարկել էր Դեբեդից իր բռնած ձուկը։ Ռուսաստանում բնակվողը ձուկը տարել էր լաբորատորիա, որի եզրակացությունը հետևյալն էր՝ ձուկը հագեցած է ծանր մետաղներով, ուտելու համար պիտանի չէ, վտանգավոր է առողջության համար»։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ