Ադրբեջանական հրետակոծության հետեւանքով վնասվել է Ջերմուկի զորամասը

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներ այս պահին չկան։ Այս մասին 24News-ին ասել է Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը։

 

Ըստ նրա՝ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետեւանքով զորամասն է վնասվել, իսկ քաղաքացիական օբյեկտները, Ջերմուկի առողջարանային համալիրն անվնաս են։ 

 

Պաշտպանության նախարարության վերջին հաղորդագրության մեջ նշվում է, որ ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ:

 

«Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները»։

«Ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհերի նախնական թիվը՝ 49 է», - ասված է հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն