Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ուսհաստատություններում կդադարեցվի կրթության գործընթացը

ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մի շարք բնակավայրերում խաթարվել է երեխաների կրթության իրավունքը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը այսպես է արձագանքել սեպտեմբերի 13-ի կեսգիշերից սկսված ադրբեջանական ագրեսիային։

 

«Հաշվի առնելով առկա իրավիճակը և անվտանգության ապահովման խնդիրը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել Գեղարքունիքի և Սյունիքի մարզի այդ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններին ըստ անհրաժեշտության տրամադրել արձակուրդ՝ հետագայում բաց թողնված դասաժամերը լրացնելու պայմանով»,–ասված է հայտարարության մեջ:

 

Միաժամանակ տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկվել է հիշյալ բնակավայրերում ժամանակավորապես դադարեցնել կրթության գործընթացը նախադպրոցական ուսումնական հաստատություններում:

 

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։

ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։

Սահմանին լարված իրավիճակը պահպանվում է։

Քաղաքականություն