Հայաստանը ՀԱՊԿ-ից ռազմական աջակցություն է խնդրել․ Փաշինյան

Հայաստանը Հավաքական անվտանգության խորհրդի կազմակերպությանը (ՀԱՊԿ) դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի չորրորդ հոդվածի հիման վրա, որն ասում է՝ անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք աջակցություն՝ այդ թվում և ռազմական՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումն ապահովելու համար»,- հայտարարեց Փաշինյանը։

 

Նա նշեց, որ հայկական կողմը նկատի է ունեցել նաև 2021 թվականի մայիսի 12-ին Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխուժումը։ «Սա մենք ֆիքսում ենք որպես քաղաքական նպատակ, որ ագրեսորը պետք է ՀՀ տարածքից դուրս գա»,- հայտարարեց վարչապետը։

 

 

Բարձրաձայնելով Հայաստանի քաղաքական դիրքորոշումը՝ Փաշինյանն ասաց. «Հայաստանի և Ադրբեջանի միջև կա սահման, այդ սահմանը ճանաչված է, և այդ սահմանի ճանաչումը վավերացված է երկու երկրների կողմից։ Եթե Ադրբեջանն ասում է, որ այդպիսի բան չկա, ընդհանուր համատեքստում նրա արտահայտած մի շարք դիրքորոշումներ ընդհանրապես զրկվում են իմաստից և որևէ հիմնավորում չեն ունենում»։

 

Քաղաքականություն

Պատահարներ