«Հիմա ես կասեմ իրականությունը, որը ոչ ռազմական գաղտնիք է, ոչ էլ թաքցնելու բան»․ Բունիաթյանը՝ թշնամու գտնվելու վայրի մասին

Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացնում է․ 

«Համացանցում հանդիպեցի , որ ակտիվ շրջանառվում է այն լուրը, ըստ որի Ջերմուկի հատվածում ՀՀ տարածք ներխուժած թուրքերը հետ են գնացել։

Ինչքան հասկացա` բոլորը Հղում էին կատարում գլխավոր շտաբի պետի այդ թեմայով արտահայտած մտքերին։

Նախ` գտա այդ հարցազրույցը և նայեցի։

Ճիշտն ասած, հստակ ոչինչ չասող և «թեման փակելու» տանող խոսքեր էին ու վերջ։

 

Հիմա ես կասեմ իրականությունը, որը ոչ ռազմական գաղտնիք է, ոչ էլ թաքցնելու բան և ցանկացած ոք հետաքրքրության դեպքում կարող է իր աչքերով տեսնել ու համոզվել։

 

Թուրքերը սեպտեմբերի 13- ին և 14 -ին մոտ ութ կիլոմետր լայնությամբ և մոտ ութ կիլոմետր խորությամբ Ջերմուկի հատվածում ներխուժել են ՀՀ տարածք և կոնկրետ այն բլուրը, որի վրա նրանք տեսանելի են եղել այդ օրվանից, մինչև հիմա այնտեղ են։

Բոլորից շատ հենց մենք` ջերմուկցիներս ենք ուզում, որ թշնամին րոպե առաջ լքի այդ տարածքները, բայց իրականությունն այլ կերպ ներկայացնելու կամ այդ չլուծված խնդիրը իբրև լուծված ներկայացնելն ինձ համար անհասկանալի է։

Այո՛, թուրքերը շարունակում են մնալ նույն տեղում և դա կարևորագույն խնդիր է, որը թաքցնելով հարցը չի լուծվի, պիտի բարձրաձայնվի և քայլեր ձեռնարկվի առողջարանային քաղաքի մատույցները դրանցից մաքրելու ուղղությամբ»։

Քաղաքականություն

Պատահարներ